Վարշավայի ֆոնդային բորսան (ՎՖԲ) Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) հետ ստորագրել է պայմանաթերթ` ՀՀ ԿԲ-ից Հայաստանի ֆոնդային բորսայի (ՀՖԲ) 65%-ը ձեռք բերելու շուրջ բանակցությունների վերաբերյալ: ՎՖԲ-ի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի հնարավոր ձեռքբերումը պահանջում է, ի թիվս այլոց, անհրաժեշտ ուսումնասիրությունների իրականացում և համապատասխան կորպորատիվ հավանություններ։
Հայաստանի ֆոնդային բորսայի 100%-ի նախնական գնահատված արժեքը շուրջ 6 միլիոն լեհական զլոտի է (1,6 միլիոն ԱՄՆ դոլար)։
2020 թ․ սեպտեմբերի 18-ին Վարշավայի ֆոնդային բորսայի (ՎՖԲ) կառավարման խորհուրդը և ՀՀ կենտրոնական բանկը (ՀՀ ԿԲ) ստորագրեցին պայմանաթերթ` ՎՖԲ-ի կողմից Հայաստանի արժեթղթերի բորսայում 65% հսկիչ փաթեթ ձեռք բերելու շուրջ բանակցությունների վերաբերյալ: Համաձայնությունը պարտադիր բնույթ չի կրում: Ձեռքբերման վերջնական պայմանները, ի թիվս այլոց, կախված կլինեն անհրաժեշտ ուսումնասիրությունների իրականացման և համապատասխան կորպորատիվ հավանությունների արդյունքներից:
ՎՖԲ-ի և ՀՀ ԿԲ-ի միջև ստորագրված պայմանաթերթը սահմանում է հետագա բանակցությունների շրջանակային պայմանները, որոնք ուղղված են հնարավոր ներդրումային համաձայնագիր կնքելուն: Հաջորդ քայլով ՎՖԲ-ն կկատարի համալիր ուսումնասիրություն, կմշակի Հայաստանի արժեթղթերի բորսայի զարգացման հնգամյա ծրագիր` ՀՀ ԿԲ-ի և Հայաստանի ֆոնդային բորսայի հետ համատեղ, և կսահմանի ներդրումային համաձայնագրի վերջնական պայմանները, որոնք կարող են տարբերվել շրջանակային պայմաններից:
«Ուրախ ենք, որ համաձայնության ենք եկել ՎՖԲ-ի հետ մեր հետագա համագործակցության հիմնաշրջանակի շուրջ: Այս փոխշահավետ գործարքը երկարաժամկետ ռազմավարական նշանակություն ունի երկու կողմերի համար, և նաև ուրախ ենք փաստել, որ մենք ՎՖԲ-ին տեսնում ենք որպես գործընկեր, որը կիսում է կապիտալի շուկաների հետագա զարգացման մեր տեսլականը: ՎՖԲ-ի առաջնորդությունն այս ձեռնարկում հնարավորություն է տալիս իրենց փորձն ու «նոու-հաուն» բերել և Հայաստանի ֆոնդային բորսան դարձնել ամուր, նորարար և հարմար հարթակ՝ ներդրողների համար այն ծառայեցնելով որպես դարպաս դեպի նոր շուկաներ: Սա նաև կհանգեցնի տարածաշրջանային ընդլայնմանն ուղղված մեր փոխադարձ ձգտումների իրագործմանը», - ասել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
ՏԵՂԵԿԱՆՔ
Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի ձեռքբերման վերաբերյալ
Կենտրոնական բանկը համաձայնության է եկել Վարշավայի ֆոնդային բորսայի (ՎՖԲ) հետ՝ Հայաստանի ֆոնդային բորսան (ՀՖԲ) ձեռքբերելու վերաբերյալ։
Ըստ ՀՀ ԿԲ-ի և ՎՖԲ-ի միջև ստորագրված մտադրությունների մասին հուշագրի, որը չունի պարտադիր իրավական ուժ և սահմանում է հետագա բանակցությունների հիմնական պայմանները, ՎՖԲ-ը նախատեսում է ձեռքբերել ՀՖԲ-ի բաժնետոմսերի հսկիչ փաթեթը։ Գործարքի վերջնական պայմանները կպարզվեն անհրաժեշտ ուսումնասիրությունները իրականացնելուց և կորպորատիվ հաստատումները ստանալուց հետո։
ՎՖԲ-ը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ամենամեծ և զարգացած շուկան է։ ՎՖԲ-ը կազմակերպում է առևտուր բաժնետոմսերով, պարտատոմսերով, ածանցյալ գործիքներով, ֆոնդերի բաժնետոմսերով, այլ գործիքներով։ ՀՀ կենտրոնական բանկը տեսնում է ՎՖԲ-ին որպես հուսալի գործընկեր, որն ունակ կլինի ապահովել կապիտալի շուկաների զարգացում և ընդլայնում:
ՎՖԲ-ն հանդիսանում է հրապարակային ընկերություն, և իր բաժնետոմսերը 2010 թվականից ցուցակված են հենց իր մոտ՝ շուրջ 300 մլն եվրո կապիտալիզացիայով։