Համաշխարհային հանրությունը պետք է ներդրումներ կատարի առողջապահության ոլորտում, որպեսզի հետագայում թույլ չտա COVID-19-ի նման զանգվածային վարակիչ հիվանդությունների բռնկումներ: Այսպիսի կոչով է ուրբաթ օրը կառավարություններին դիմել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեեսուսը:
«Բոլոր երկրները պետք է միասին աշխատեն և ներդրումներ կատարեն»,- ասել է նա Ժնևում կայացած ճեպազրույցում` հավելելով․ «Սա թույլ կտա ապահովել, որ այսպիսի ուժգնության և ծանրության համավարակ այլևս երբեք չկրկնվի»: Գլխավոր տնօրենի խոսքերով՝ ունենալով քաղաքական կամք և առողջապահությունը ֆինանսավորելու պատրաստակամություն, համաշխարհային հանրությունը «կարող է կանխել ապագա համավարակները և պայքարել դրանց դեմ»:
Ներկա պայմաններում, երբ կարանտինային միջոցառումներից հետո շատ երկրներ «սկսում են բացվել», COVID-19-ից հիվանդացության և մահացության դեպքերը «սկսում են աճել»,- նշել է ԱՀԿ ղեկավարը՝ ուշադրություն հրավիրելով «հիվանդանոցային մահճակալների հնարավոր պակասի կապակցությամբ տագնապի վրա»: Նա ասել է, որ դա «կրիտիկական պահ է երկրների համար»: ԱՀԿ-ն «առաջնորդներին խնդրում է ձեռնարկել նպատակային գործողություններ, որոնք կարող են կանխել վարակի տարածումը, և ապահովել առողջապահության համակարգի ու աշխատողների պաշտպանությունը»։