Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հիմնադրած «Ապագա» կուսակցությունն իր թեկնածուին կառաջադրի 2023 թվականի նախագահական ընտրություններում: Այդ մասին հայտարարել է Դավութօղլուն՝ չհստակեցնելով, թե ով է լինելու կուսակցության թեկնածուն, հայտնում է «Ազատությունը»:
Դավութօղլուն ընդգծել է, որ ընտրություններին միայնակ են գնալու և դաշինք չեն կազմելու այլ ուժերի հետ: Նա նշել է, որ Թուրքիան համակարգային ճգնաժամի մեջ է և նոր մոտեցման ու փոփոխությունների կարիք կա: Համակիրների հետ միասին առաջնորդվելու են ընդգրկուն ժողովրդավարության սկզբունքով:
«Մեր առաքելությունն է լինել ժողովրդի ձայնը», - ասել է Դավութօղլուն:
Հիշեցնենք, որ «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը լքած Ահմեդ Դավութօղլուն անցած տարվա սեպտեմբերին է հայտարարել իր կուսակցության հիմնադրման մասին: