ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները սեպտեմբերի 24-ին հանդիպել են Արցախի Հանրապետության խորհրդարանի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանի հետ:
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը կարևորել է ԱՀ Ազգային ժողովի նույնանուն հանձնաժողովի հետ համագործակցության խորացումը՝ նշելով, որ իր ղեկավարած հանձնաժողովը պատրաստակամ է ցուցաբերել տարատեսակ աջակցություն ու խորհրդատվություն, ինչպես նաև անցկացնել համատեղ նիստեր՝ ձևավորելիք միասնական օրակարգի շրջանակում: Այս համատեքստում Վլադիմիր Վարդանյանը գործընկերոջը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ հանձնաժողովն այժմ մի շարք լրջագույն օրենսդրական նախաձեռնությունների քննարկման փուլում է, և մինչև տարեվերջ նախատեսվում է դրանք ընդունել: Նա հայտնել է, որ դրանց թվում է ՀՀ քրեական օրենսգրքի նախագիծը:
ԱՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը նույնպես կարևորել է միջհանձնաժողովային կապերի ամրապնդումը՝ ընդգծելով, որ դա կարևոր է մասնավորապես օրենսդրական փորձի փոխանակման տեսանկյունից:
Քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: