Ուկրաինան չեղարկել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հոկտեմբերին նախատեսվող այցը Բելառուս ու մասնակցությունը երկու երկրների տարածաշրջանային համաժողովին, որը պետք է կայանար Գրոդնոյում: Այս մասին տեղեկացրել է Ուկրաինայում Բելառուսի դեսպան Իգոր Սոկոլին, փոխանցում է korrespondent.net կայքը:
Նրա խոսքով` հուլիսին Բելառուսի կառավարության անունից համաժողովին մասնակցելու հրավերներ էին ուղարկվել Ուկրաինայի շրջանների բոլոր ղեկավարներին: Օգոստոսի դրությամբ Ուկրաինայի շրջանների մոտ կեսը համաձայնվել էր մասնակցել համաժողովին:
Համաժողովի ընթացքում պետք է մշակվեր նաև Զելենսկիի պաշտոնական այցը Բելառուս:
«Տառացիորեն մի քանի օր առաջ ուկրաինական կողմը մեզ դիմել է համաժողովը 2021 թվական հետաձգելու խնդրանքով: Փաստացիորեն համատեղ նախապատրաստական աշխատանքը չեղարկվել է: Քանի որ Ուկրաինայի ղեկավարությունը հարաբերությունները «դադարի վրա» է դրել, նշանակում է՝ կշարունակենք աշխատել շրջանների, քաղաքների, գյուղական խորհուրդների և բիզնեսի հետ»,- նշել է դեսպանը:
Նա հայտնել է նաև, որ Ուկրաինայի այդ որոշման պատճառով տուժում են առաջին հերթին երկու երկրների տնտեսությունները, միջշրջանային կապերը և հասարակ ժողովուրդը: