Սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 75-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների ժամանակ սպասվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը:
Հայաստանը պետք է ՄԱԿ-ի այս բարձր ամբիոնն օգտագործի միջազգային հանրությանը ցույց տալու, որ վերջին օրերին Բաքվի կողմից Հայաստանին ուղղված մեղադրանքները որևէ աղերս չունեն իրականության հետ և Բաքուն հնարավոր բոլոր հարթակներով այդ միֆերը և կեղծ թեզերը տարածում է առաջիկայում իր հնարավոր հերթական ագրեսիայի պատասխանատվությունը Հայաստանի վրա դնելու համար:
Նկատենք, որ Ադրբեջանի այս հետևողական քաղաքականության կապակցությամբ Հայաստանի իշխանությունները որդեգրել էին «չտեսնելու և չլսելու» ձեռագիր՝ Ադրբեջանի այս հակահայկական ապատեղեկատվություն պարունակող ելույթներն ընդամենը որակելով որպես հուզական: Նման մոտեցումը բավականին ռիսկային է. Ադրբեջանը հնարավորություն է ստանում առանց որևէ խոչընդոտի միջազգային հանրության մոտ իր մոտեցումները դարձնել ընդունելի և ընկալելի, ինչն արդյունքում կարող է ազդել կարգավորման գործընթացի վրա, իսկ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման դեպքում էական նշանակություն ունենալ այս կապակցությամբ միջազգային հանրության մոտեցումների և իրականացվող քայլերի համար:
Այսօր պաշտոնական Երևանը որոշեց, այնուամենայնիվ, ուշադրություն դարձնել Բաքվի հայտարարություններին: Մասնավորապես, արտաքին գործերի նախարարությունում հիշեցին Ալիևի բռնապետ լինելու մասին, իսկ վարչապետը փորձեց հնարավորինս կառուցողական երևալ:
Սակայն պետք է նկատել, որ առավել ևս ներկա պայմաններում կեղծ կառուցողականությունն առանձնապես չի նպաստում Հայաստանի և Արցախի շահերի առաջմղմանը, իսկ չհաշվարկված հայտարարությունները կարող են ավելի լուրջ ազդեցություն ունենալ կարգավորման գործընթացի վրա, քան նախկինում:
Մենք այսօր պետք է միջազգային հանրությանը հիմնավոր կերպով ներկայացնենք կարգավորման գործընթացի վերաբերյալ մեր դիրքորոշումը՝ այդ թվում նաև հուլիսին Տավուշում ադրբեջանական ագրեսիայից հետո տեղ գտած միանգամայն հիմնավոր կոշտացումներով:
Նշենք, որ Բաքուն իր հակահայկական քարոզչությունը միջազգային հանրությանը հասցնելու հարցում բավականին լուրջ օգնություն է ստանում Թուրքիայից: Վերջին օրերին գրեթե ամենօրյա կտրվածքով ադրբեջանական քարոզչական թեզերը միջազգային հանրությանը ներկայացնում են նաև Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները: Նիկոլ Փաշինյանի ելույթում տարածաշրջանն ապակայունացնող Թուրքիայի այս կեցվածքի վրա ևս պետք է հրավիրել միջազգային հանրության ուշադրությունը, ինչը նույնպես պատշաճ չի իրականացվել վերջին օրերին: