Հայաստանի ՊՆ-ն չի հաստատում ադրբեջանցի գեներալի՝ գերեվարվելու մասին տեղեկությունները:
«Այս պահին որևէ կենդանի զինվորական գերության մեջ մեր կողմում չկա: Բայց քանի որ կան բազում դիեր ադրբեջանական զինծառայողների, որևէ բան վերջնականապես հաստատել կամ հերքել չեմ կարող»,- այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ճեպազրույցի ժամանակ ասել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, ադրբեջանական Genc Bozqurdlar լրատվական կայքը հաղորդել էր Ադրբեջանի զինված ուժերի գեներալ-մայոր Մայիս Բարխուդարովի վիրավորվելու և գերի ընկելու մասին:
Խոսելով հայկական կողմի զոհերի մասին՝ Հովհաննիսյանը նշել է. «Այս պահի դրությամբ ունենք մոտավորապես 200 վիրավոր, որոնց մի մասը տեղափոխվել է Երևան: Բոլորը գտնվոմ են պատշաճ բժշկական վերահսկողության ներքո տարբեր զինվորական հոսպիտալներում, ինչպես նաև քաղաքացիական հիվանդանոցներում»:
Նա նաև հայտարարել է, որ Արցախից խաղաղ բնակչության տեղհանում չի իրականացվում: «Չկա մասսայական տեղհանում: Բնակարաններ և ապաստարաններ տրամադրելու անհրաժեշտություն չկա: Եթե լինի նման անհրաժեշտություն, դուք պաշտոնապես կիմանաք»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը: