Երեկ վաղ առավոտից Ադրբեջանը ռազմական գործողություններ է ծավալել արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: Հակահարձակման անվան տակ իրականացվող այս ագրեսիան, ոչ այլ ինչ է, քան նախապես պլանավորված, մանրամասն նախապատրաստած պատերազմ:
Վերջին շրջանում ադրբեջանական կողմի հռետորաբանության փոփոխությունը՝ իրենց տարածքային ամբողջականության վերականգնման իրավունքի մասին բարձրաձայնելուց մինչև Հայաստանին պատերազմի պատրաստվելու մեջ մեղադրելը և միջազգային հանրության աչքերում զոհի դերում հանդես գալ, միտված էր այս պատերազմի համար տեղեկատվական ֆոն ապահովելուն: Նպատակը մեկն էր՝ միջազգային հանրության ընկալումներում ամրապնդել այն մոտեցումը, որ Հայաստանը տապալում է բանակցային գործընթացը և պատրաստվում պատերազմի, հետևաբար, հենց հայկական կողմն է նախահարձակը: Սակայն Բաքվի այս քաղաքականությունը տապալվեց բոլոր իմաստներով:
Հայաստանի ղեկավարությունը հուլիսյան իրադարձություններից հետո բազմիցս պատրաստակամություն է հայտնել վերադառնալու բանակցային սեղան և խոսել է փոխզիջումային կարգավորման անհրաժեշտության մասին, այդ թվում՝ քննադատության ենթարկվելով սեփական հանրության կողմից: Նույնիսկ երեկ և այսօր՝ արդեն ակտիվ ռազմական գործողությունների ընթացքում, ՀՀ ԱԳՆ ղեկավարը չի դադարել կրկնել այս թեզերը:
Ռազմական գործողությունների մեկնարկն ու «հակահարձակման» սցենարի շատ վատ բեմականացումը շատ հստակ ցույց են տալիս, որ Ադրբեջանն է նախահարձակ կողմը, իսկ Արցախը ստիպված է պաշտպանվել ադրբեջանական հերթական ագրեսիայից:
Դրան գումարվում է նաև վերջին ամիսներին Թուրքիայից հնչող աննախադեպ ագրեսիվ, ռազմատենչ հռետորաբանությունը, այդ թվում՝ ռազմական լուծման պարագայում Ադրբեջանի կողքին մինչև վերջ կանգնելու խոստումներն ու Սիրիայից Ադրբեջան զինյալներ տեղափոխելու մասին տվյալները: Ոչ երկրորդական դեր ունի նաև համատեղ զորավարժություններից հետո Ադրբեջանում մնացած թուրքական ռազմական տեխնիկան և անձնակազմը:
Այս ամենը բացահայտում է թուրք-ադրբեջանական ագրեսիայի իրական բնույթը և կասկածի տեղ չի թողնում, որ գործ ունենք տարածաշրջանն ապակայունացնող ու քաղաքական, տնտեսական, հումանիտար մեծ վնասներ տվող Ադրբեջանի քաղաքականության հերթական դրսևորման հետ:
Դա տեսանելի է նաև միջազգային հանրության համար: Թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը պետք է խստագույն քննադատության ենթարկվեն միջազգային հանրության կողմից, կողմերին հղվող կոչերը պետք է վերածվեն գործնական քայլերի, պատժամիջոցներ պետք է կիրառվեն խաղաղ բնակավայրերի, քաղաքացիական հասարակության նկատմամբ ռմբակոծություններ իրականացնող Ադրբեջանի և նրան սատարող Թուրքիայի նկատմամբ: Եվ ընդհանրապես, պետք է բարձրացվի միջազգային մի շարք հարթակներում և ձևաչափերում ահաբեկչական այս երկու երկրների ներկայացվածության նպատակահարմարության հարցը: