Այս պահին շարունակվում են ռազմական գործողությունները հյուսիսային, հարավային և հարավ-արևելյան ուղղություններով. Մարտական գործողությունների ինտենսիվությունն ու բարձր դինամիկան պահպանվում է ժամանակակից համազորային մարտին բնորոշ, ես կասեի տեղ-տեղ ավելանում և աճում է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ճեպազրույցի ժամանակ նշեց Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը, փոխանցում է News.am-ը:
«Այդ ուղղություններում ՊԲ ստորաբաժանումները մղում են պաշտպանական համառ մարտեր՝ կասեցնելով հակառակորդի գերազանցող ուժերին, այդ թվում նաև մեծաքանակ խոշոր զրահատանկային խմբավորումների շարունակական առաջխաղացման փորձերը կասեցնելով՝ պատճառելով նրան կենդանի ուժի և զրահատեխնիկայի զգալի կորուստներ:
Այսօրվա դրությամբ, ժամը 17-ի սահմաններում արձանագրվել է հակառակորդի հետևյալ կորուստները՝ շուրջ 36 ԱԹՍ, 47 զրահատեխնիկա և 400-ից ավել անվերադարձ կորուստ անձնակազմի մոտ»,-ասաց Սարգսյանը:
Նրա խոսքով, նախնական տվյալներով, պաշտպանության բանակի ստորաբաժանումներն ունեն 48 զոհ, 200-ից ավելի վիրավոր զինծառայողներ:
«2-օրյա համառ մարտերը բնավ չեն ընկճել մեր անձնակազմին, ընդհակառակը, դրանով Արցախի բանակի երիտասարդ սպաներն ու զինվորները ձեռք են բերում մարտական գործողությունների վարման հարուստ փորձ: Անփնակազմի մարտական ոգին բարձր է և պատրաստ է կատարելու հետագա առաջադրված բոլոր խնդիրները: Մենք ուժեղ ենք, քան երևէ, քանի որ մեզնից յուրաքանչյուրը գիտակցում է, որ նժարին դրված է հայ ժողովրդի արցախյան հատվածի ֆիզիկական գոյության հարցը»,-ընդգծեց նա: