ՀՀ տարածքը թիրախավորվել է հենց առաջին րոպեից, դա նորություն չէ: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կողմից կրակ վարելու և դիրքերի ուղղությամբ օդուժ կիրառելու մասին լուրը:
«Առաջին օրը, երբ Ադրբեջանը հասցրեց մասսայական հրթիռա-հրետանային հարված, այդ օրն էլ Վարդենիսի ուղղությունը թիրախավորվել էր: Խոսակցությունը նոր չի ճակատ բացելու մասին: Առաջին իսկ օրվանից այս ճակատն օգտագործվել է իրենց կողմից»,- ասել է Հովհաննիսյանը և հավելել՝ «փաստացի, ՀՀ տարածքը թիրախավորվել է հենց առաջին րոպեից, դա նորություն չէ»:
Նա նշել է, որ այս պահին Վարդենիսում համառ մարտեր չկան, բայց հարվածից հետո, բնականաբար, մարտեր կան ու կլինեն:
Այս պահի դրությամբ քաղաքացիական զոհեր և վիրավորվեր չունենք: Հիշեցնենք, որ ՊՆ հաղորդած տեղեկատվությամբ, Վարդենիսում քաղաքացիական ավտոբուսն է այրվում հարվածային ԱԹՍ-ի հարվածից:
Նախիջևանի կողմից վիճակը համեմատաբար հանդարտ է: