Վարդենիսի հրետակոծությամբ Ադրբեջանը փոխում է պատերազմի մասշտաբները: Փաստացի, Ադրբեջանը պատերազմ է հայտարարում արդեն ոչ միայն փոքրիկ Արցախին, այլև Հայաստանի Հանրապետությանը:
Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ ռազմական հարձակում գործելով՝ Ադրբեջանը փորձում է Հայաստանին ուղղակիորեն ներքաշել ռազմական գործողությունների մեջ՝ արդեն ոչ թե որպես Արցախի անվտանգության երաշխավոր, այլ հակամարտության ուղղակի կողմ: Իսկ այս սադրանքը մեկ նպատակի կարող է ծառայել՝ լեգիտիմացնել Թուրքիայի ներքաշումը պատերազմի մեջ:
Պատահական չէ, որ վերջին շրջանում Բաքուն, որն անցյալում սպառնում էր պատերազմով և խոսում իր տարածքային ամբողջականության վերականգնման իրավունքի մասին, պատերազմի նախաշեմին սկսել էր հանդես գալ «խեղճի» դերից՝ մեղադրելով Հայաստանին բանակցային գործընթացը տապալելու, պատերազմի պատրաստվելու մեջ և այլն: Այժմ էլ Բաքուն փորձում է միֆ կերտել, թե Արցախն է նախահարձակ եղել, իսկ այսօր նաև, թե Հայաստանն է նախահարձակ լինում, իսկ Ադրբեջանը ստիպված է պատասխանել երկուսին միաժամանակ: Հավանաբար, հաջորդ քայլը լինելու է Թուրքիայի օգնությանը դիմելը:
Երեկ Թուրքիայի կողմից արվող հայտարարություններն էլ՝ թե Թուրքիան չի դիտարկում ռազմական գործողությունների մեջ ուղղակի ներգրավման հարցը, ոչ այլ ինչ են, քան սովորական բեմականացում՝ ուղղված իրական մտադրությունները քողարկելուն:
Մենք գործ ունենք Ադրբեջանի և Թուրքիայի կողմից նախապես պլանավորված, մանրամասն մշակված և բոլոր քայլերն ու հայտարարությունները հաշվարկած քաղաքականության հետ, որի նպատակը ոչ միայն Հայաստանի և Արցախի դեմ պատերազմի ծավալումն է, այլև Հայաստանի վրա ողջ պատասխանատվությունը դնելը:
Աա առավել քան կանխատեսելի և բոլորի համար տեսանելի թատրոն է, որը որևէ հաջողություն ունենալ չի կարող: Թուրքիան և Ադրբեջանն այսօր ստանում են համարժեք պատասխան մարտի դաշտում, և պետք է ստանան նաև քաղաքական ու դիվանագիտական հարթություններում:
Միջազգային հանրությունը պետք է հստակ արձանագրի, որ Թուրքիան ու Ադրբեջանը ռազմական ագրեսիա են սկսել Արցախի և Հայաստանի դեմ՝ Բաքվի և Անկարայի համար դրանից բխող բոլոր հետևանքներով:
Անհասցե, անորոշ հայտարարություններն ու կոչերը ոչ միայն չեն նպաստում լարվածության թուլացմանն ու տարածաշրջանում խաղաղության վերականգնմանը, այլ էլ ավելի են «ջուր լցնում» թուրք-ադրբեջանական ջրաղացին՝ մեծացնելով նրանց ախորժակը: Ստեփանակերտի հրետակոծությունից սկսելով՝ այսօր արդեն նրանք հրետակոծում են Վարդենիսի գյուղերը: Միջազգային հանրության կողմից քայլերի բացակայության դեպքում՝ վաղը կփորձեն հրետակոծել այլ բնկավայրեր, և այդպես շարունակ:
Այս ամենը չի կարող տեսանելի չլինել, առաջին հերթին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, Հայաստանի և Արցախի բարեկամ, գործընկեր երկրների համար: Տարածաշրջանում ուղղակի և անուղղակի ներգրավվածություն ունեցող բոլոր երկրները, միջազգային կառույցներն ու դաշինքները պետք է հայտնեն իրենց կոշտ դիրքորոշումն ու հստակ քայլեր ձեռնարկեն՝ զսպելու Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան Արցախի և Հայաստանի դեմ: