Թուրքական արժույթի՝ լիրայի անկումը շարունակվում է: Այսօր այն հասել է իր պատմական մինիմումին. դոլարի նկատմամբ լիրայի փոխարժեքը հասել է 7,8518-ի:
Պետք է նշել, որ թուրքական արժույթի արժեզրկման գործընթացը նոր չէ: Այն լայն թափ է հավաքել՝ սկսած 2018թ.-ից՝ Թուրքիայում հոգևորական Էնդրյու Բրանսոնի ձերբակալումից հետո առաջացած թուրք-ամերիկյան հակասությունների ֆոնին: Այդ պահից ի վեր այդ երկրի ղեկավարն իր հայրենակիցներին կոչ է անում հրաժարվել ամերիկյան դոլարից:
Թուրք-ամերիկյան հարաբերությունների հետագա սրումների ֆոնին, այդ թվում՝ սիրիական հարցի, Գոլանի բարձրունքի հետ կապված ամերիկյան դիրքորոշման շուրջ, թուրքական լիրայի արժեզրկման գործընթացն է՛լ ավելի մեծ թափ է հավաքել:
Արդեն 2019թ.-ին լիրան Bloomberg-ի կողմից գնահատվեց՝ որպես աշխարհի վատագույն արժույթ: Այս ուղղությամբ վերջին մեկուկես տարվա ընթացքում Թուրքիայի Կենտրոնական բանկը պարբերաբար անվանական տոկոսադրույքների նվազման միջոցով միջամտություն էր իրականացնում՝ ըստ էության առանց լուրջ դրական արդյունքի:
Շատ աննշան ու խիստ կարճաժամկետ դրական էֆետկ ունեցավ թուրքական ԿԲ-ի կողմից արտարժութային ռեզերվների վաճառքը 2019թ.-ի վերջին: Բայց քանի որ լիրայի անկմանը շարունակաբար նպաստեց նաև արդեն 2020թ.-ին կորոնավիրուսի պանդեմիայի արդյունքում դեպի Թուրքիա զբոսաշրջիկների թվի կտրուկ անկումը, հետևաբար նաև՝ «արտարժույթի սովը», այդ երկրի ԿԲ-ն ստիպված եղավ շարունակել դոլարային ռեզերվների անարդյունավետ ծախսը: Արդյունքում, այսօր արդեն թուրքական Կենտրոնական բանկի ռեզերվները սպառվել են: Այս ողջ պրոցեսներին զուգահեռ, լիրայի գահավիժման շարունակական պրոցեսին նպաստեցին նաև միջերկրածովյան խնդիրների բացասական հետևանքները Թուրքիայի ֆինանսական շուկայի վրա:
Վերջին օրերին, սակայն, լիրայի նոր պատմական մինիմումին հասնելուն նպաստեց Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերված պատերազմին Թուրքիայի անթաքույց աջակցությունն ու մասնակցությունը: Մյուս կողմից, նույն ժամանակահատվածում Սաուդյան Արաբիան թուրքական ապրանքների նկատմամբ էմբարգո սահմանեց:
Պետք է նշել, որ լայն տարածաշրջանում թուրքական լիրան միակը չէ, որը կրում է Ացախյան սահմանին հրահրված էսկալացիայի բացասական հետևանքները:
Արցախա-ադրբեջանական լարվածությանը բացասաբար է արձագանքել նաև ռուսական ռուբլին՝ գրանցելով եվրոյի նկատմամբ վերջին 3-4 տարիների ռեկորդային անկում: Դոլարի նկատմամբ անկում է գրանցել նաև լարին:
Ակնհայտ է, ֆինանսական շուկաների անկումները շատ ավելի մեծ են լինելու, թե՛ աշխարհագրորեն, և թե՛ խորությամբ, եթե ռազմական լարվածությունը երկարաձգվի:
Թերևս սա միջազգային հանրության համար Արցախի և Հայաստանի Հանրապետության նկատմամբ թուրք-ադրբեջանական՝ ողջ տարածաշրջանի համար սպառնալիք հանդիսացող ռազմական ագրեսիան կանխելու բազմաթիվ պատճառներից մեկը կարող է լինել: