Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպել է Արցախ մեկնած կամավորականներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Հարությունյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Հարգելի՛ հայրենակիցներ, այսօր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ կրկին հանդիպել ենք մեր կամավորական տղաներին: Բոլորի մոտ առկա է հաղթական տրամադրություն: Հայրենիքի հանդեպ մեր փայփայած նվիրական սերն ու պաշտամունքը խորապես նստած է յուրաքանչյուրիս գիտակցության մեջ, և դրա վառ արտահայտությունը, անկախ մեր կրթական և սոցիալական աստիճանից, տեսանելի է այս օրերին»,- գրել է նախագահը:
Հարությունյանը նշել է, որ պարտավոր ենք նախնիներից ժառանգածը փոխանցել մեր սերունդներին:
«Վճռական ենք մեր գործողություններում, մեր պայքարում, հավերժի ճամփորդի մեր երթում, քանի որ նախնիներից ժառանգածը պարտավոր ենք ոչ միայն սրբորեն պահել, այլև փոխանցել մեր սերունդներին: Հաղթելու ենք, որովհետև ազգովի կարող ենք, որովհետև արդար ենք մեր մղումներում, որովհետև այդպիսին է մեր ճակատագիրը»,- նշել է Արայիկ Հարությունյանը: