«Օրվա ընթացքում շարունակվել են համառ մարտերը՝ գրեթե սահմանի ողջ երկայնքով, մասնավորապես թեժ են եղել հյուսիսային և հարավային ուղղությունները։ Հայկական բանակի ստորաբաժանումները, վարելով թեժ մարտեր, արձանագրել են շեշտակի, զգալի հաջողություններ»,- ասուլիսում ասել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, փոխանցում է Panorama.am-ը:
Նա նշել է, որ օրվա ընթացքում խոցել են Ադրբեջանի բազում քանակի զրահատեխնիկա, ԱԹՍ-ներ, կենդանի ուժ։
ՊՆ ներկայացուցչի ներկայացրած տվյալներով, ընդհանուր առմամբ, պատերազմի սկսվելու առաջին պահից ի վեր՝ Ադրբեջանը կորցրել է կենդանի ուժ՝ 790 զինծառայող, որից 180-ը՝ Քարվաճառի ուղղությամբ, որտեղ ընթացել են բավականին համառ և դժվար մարտեր։ Մոտավոր տվյալներով, կա 1900 վիրավոր՝ Ադրբեջանի բոլոր ստորաբաժանումներում միասին վերցրած։
Նրա խոսքով, հայկական Զինված ուժերի ստորաբաժանումները հակատանկային և հրետանային միջոցներով խոցել է հակառակորդի 137 տանկ և զրահատեխնիկա, ոչնչացվել է հակառակորդի 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ, 1 ինքնաթիռ։
«Այսպիսով, մարտերը շարունակվում են, մեր Զինված ուժերը հստակ կատարում են իրենց մարտական խնդիրները, հակառակորդի բոլոր հարձակողական գրոհները, փորձերը հետ են մղվում համապատասխան կորուստներ պատճառելով»,- ասել է Ա.Հովհաննիսյանը։