Հարցին, թե ինչու Ռուսաստանը հայտարարություններ չի անում նույնքան կտրուկ, արագ և նույն ճնշմամբ, ինչ թուրքական պետության ներկայացուցիչները, կարող եմ ասել հետևյալը. մենք Թուրքիան չենք, մենք Ռուսաստանն ենք, ունենք մեր արտաքին քաղաքականության և դիվանագիտության պատմությունը, և որ ամենակարևորն է` միջնորդության պատմություն` ոչ ակնթարթային, ոչ բացառապես մեր սեփական շահերից, այլ` այն երկրների շահերից, որոնց միջնորդություն տրամադրելու գործին մենք լծվում ենք, փոխանցում է News.am-ը:
Այս մասին «Սոլովյով LIVE» հաղորդման եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Այս ամենն այն մասին է, որպեսզի նախ դադարեցնել ռազմական գործողությունները: Երկրորդը` ղարաբաղյան կարգավորման գործընթացը վերադարձնել քաղաքական և դիվանագիտական հուն: Այս բառերը կարող են ընդհանուր թվալ, բայց դրանք շատ ավելի պրագմատիկ են, քան աշխարհաքաղաքական դոկտրինալ մատրիցայի ոգով արված հայտարարությունները, որոնք մենք լսում ենք շատերից: Բնականաբար, հանրային հռետորաբանությունն ու բանակցություններն անհրաժեշտ է տարանջատել: Իրավիճակին արձագանքման տարբեր մակարդակներ կան, այդ թվում` իրավիճակը կարգավորելու գործնական ջանքեր, հատկապես երբ սրացում կա և մարդիկ են մահանում»,- ասել է նա:
Զախարովան հավելել է, որ հակամարտության սրման առաջին ժամերից սկսած միացել է Ռուսաստանի ճկուն քաղաքականությունը, ամեն օր շփումներ են անցկացվում տարբեր մակարդակներով և տարբեր ուղղություններով:
«Ռուսաստանի փոխարտգործնախարարի զրույցը Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ գործնական հարթության մեջ էր և վերաբերում էր ներկա իրավիճակին, ինչպես նաև սփյուռքերի դերին, որոնք իրենց շատ ակտիվ են պահում Ռուսաստանի տարածքում»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: