«Գիշերը Արցախի ողջ սահմանի երկայնքով շարունակել են ընթանալ գիշերային մարտեր: Դրանք չեն եղել նույն ինետնսիվությամբ, ինչ ընթանում էին երեկ: Բայց տեղ-տեղ եղել են և հրետակոծություններ»,- այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշել է, որ վաղ առավոտյան հյուսիսային ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն անցել են լայնածավալ հարձակողական գործողությունների: Այս պահին այդ ուղղությամբ ընթանում են մարտեր:
«Կիրառվում են բազում, այդ թվում՝ հեռահար ճշգրիտ միջոցներ, ԱԹՍ-ներ, մեծ քանակությամբ հրետանի»,- ասել է Հովհաննիսյանը՝ նշելով, որ ունենք զոհեր, որոնց մասին լրացուցիչ կտեղեկացվի: Հակառոկորդը ևս կրել է կորուստներ:
Հովհաննիսյանի խոսքերով, երեկ Վարդենիսին հասցված հարվածներից հետո Հայաստանի ուղղությամբ որևէ այլ մարտական գործողություններ չեն ընթացել: «Եղել են առանձին դրվագներ՝ հետախուզական, ուսումնասիրման և այլն, բայց կոնկրետ մարտական գործողություններ չեն ընթացել»,- ասել է նա:
Արծրուն Հովհաննիսյանը հրաժարվել է մեկնաբանել Շահումյանի և Գետաշենի ազատագրման մասին լուրերը: «Կոնկրետ ուղղություններով մեր ԶՈւ-երի կոնկրետ հաջողությունները չեմ կարող մեկնաբանել»,- ասել է Հովհաննիսյանը:
Նա նշել է, որ ակտիվ ռազմական գործողությունների ժամանակ բնակավայրեր նշելը ճիշտ չէ: