Moody’s-ը Թուրքիայի սուվերեն վարկանիշը հասցրել է այսպես կոչված «աղբային մակարդակի»:
Սաուդյան Արաբիան թուրքական ապրանքների նկատմամբ էմբարգո սահմանելուց հետո, հիմա էլ սեփական գործարարներին Թուրքիայից իրենց կապիտալը դուրս բերելու կոչ է անում:
Թուրքական լիրան շարունակում է ռեկորդային մինիմումներ գրանցեը:
Դեռ 2019թ.-ից արդեն իսկ կային կանխատեսումներ Թուրքիայում լիրայի շարունակվող անկման ֆոնին վճարային հաշվեկշռին սպառնացող ճգնաժամի մասին: Ավելին, այսօրվա լիրան, այդ իմաստով գրեթե կասկածներ չի թողնում:
Վստահաբար, այդ անհանգստությունները կբազմապատկվեն Արցախի ու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծված պատերազմին Թուրքիայի անթաքույց մասնակցության ֆոնին: Առանձին ուսումնասիրության հարց է, թե ինչ տնտեսական հաշվարկներով է Անկարան մտել այնպիսի մի գործընթաց, որն ակնհայտորեն վատացնելու է իր տնտեսական վիճակը (եթե իհարկե այդպիսիք կան):
Իսկ թուրքական տնտեսության անկման պատճառը պետք չէ փնտրել միայն այսօրվա ռազմական գործողություններում: Ավելին, չի բացառվում, որ այս գործողությունները, որպես շատ լավ առիթ՝ օգտագործվեն Թուրքիայի կողմից, իր տնտեսական վատթար վիճակը «լեգիտիմացնելու» նպատակով: Համենայն դեպս, այդ ձեռագիրը վաղուց արդեն կիրառվում է Թուրքիայի «եղբայրական» Ադրբեջանի կողմից:
Ցանկացած պարագայում, այս իրավիճակից անհանգստանալու բավական մեծ հիմքեր ունեն Թուրքիային ֆինանսական կամ այլ տեսքով փոխառություն տված երկրները: Դրանց թվում՝ Թուրքիայի ամենամեծ պարտատերերը՝ իսպանական ու ֆրանսիական բանկերը:
Ուստի, ամեն ինչից զատ, միջազգային հանրությունն այս տեսանկյունից ևս անհանգստանալու առիթներ ունի: