ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների ղեկավարներն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի 5-րդ օրը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
Համանախագահող երկրների ղեկավարները, մասնավորապես, կոչ են արել «անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները մասնակից կողմերի զինված ուժերի միջև» և «առանց նախապայմաններ առաջադրելու վերսկսել բանակցությունները»:
Հասցեականության և կողմերի գործողություններին հստակ գնահատակնների բացակայությունը, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ավանդական ձեռագիրն է, այս հայտարարության միակ խնդիրը չեն:
Համանախագահող երկրների ղեկավարները հայտարարության մեջ չեն անդրադարձել բավականին կարևոր մի շարք հարցերի, որոնք այսօր վճռորոշ են ոչ միայն Ղարաբաղյան հակամարտության գոտում, այլ նաև ամբողջ տարածաշրջանում կայունության հաստատման համար:
Այսպես, թեև միջազգային հանրությունը սկսել է հստակ արձանագրել, որ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիային ակտիվ մասնակցություն է ունենում Թուրքիան, համանախագահ երկրների ղեկավարների հայտարարությունն այս առնչությամբ նույնիսկ «երրորդ երկրներին ուղղված» կոչ չի պարունակում՝ հակամարտությունը սրելու փորձերից զերծ մնալու վերաբերյալ: «Երրորդ երկրներ» ձևակերպումը վերջին օրերին օգտագործվում էր միջազգային հանրության կողմից՝ Թուրքիային կարգի հրավիրել իր ապարդյուն փորձերում:
Համանախագահների հայտարարության մեջ բացակայում է նաև անդրադարձը Թուրքիայի կողմից Սիրիայից և Լիբիայից տարածաշրջան վարձկաններ բերելու խնդրին:
Սա ևս բավականին հետաքրքիր է, քանի որ Արցախի դեմ ռազմական գործողություններին Սիրիայից և Լիբիայից բերված վարձկանների մասնակցության մասին վկայություններն արդեն ոչ միայն լրագրողական հետաքննություններում էին բարձրաձայնվում, այլ նաև հաստատում էին ստացել համանախագահող երկրներից Ռուսաստանի և Ֆրանսիայի պաշտոնական մակարդակներում:
Կողմերը, կարծես թե, առնվազն հայտարարությունների մակարդակում, համակարծիք են հակամարտության գոտում Թուրքիայի նման պահվածքի անթույլատրելի լինելու հարցում: Ինչո՞ւ համանախագահող երկրների ղեկավարների հայտարարություն չկան հստակ գնահատականներ այս հարցերի վերաբերյալ, թեկուզ՝ ոչ հասցեական: Անհասկանալի է:
Այս երկու խնդիրների կապակցությամբ վերջին երկու օրվա ընթացքում իրենց մտահոգություններ են հայտնել ինչպես Ռուսաստանը, այնպեսլ է Ֆրանսիան: Առաջինի դեպքում հայտարարությունները գլխավորապես ոչ հասցեական էին, իսկ երկորդի դեպքում՝ հստակ մատնանշվում էր Թուրքիայի ապակառուցողական դերակատարումը: Միացյալ Նահանգները «երրորդ երկրների» մասնակցության խնդրին անդրադարձել է միայն սեպտեմբերի 28-ի պետքարտուղարության հայտարարության մեջ: