ԵԱՀԿ-ում այսօր տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը Արցախի անկախությունը ճանաչելու վերաբերյալ: Նման հայտարարությամբ Արցախի ԱԳՆ-ն հանդես էր եկել և ավելի վաղ՝ կոչ անելով միջազգային հանրությանը «ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը՝ Արցախի քաղաքացիների կյանքի և խաղաղ զարգացման իրավունքների ապահովման համար»։
Սեպտեմբերի 27-ից՝ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի վերսկսելուց հետո, Արցախի անհամապաղ ճանաչման հարցը նորից օրակարգում է: Պաշտոնական Երևանի կողմից խոսվեց նաև այն մասին, որ քննարկվում են ՀՀ կողմից Արցախի ճանաչման և/կամ նրա հետ ռազմաքաղաքական պայմանագիր կնքելու հարցերը: Եվ եթե հայաստանի կողմից Արցախի ճանաչման նպատակահարմարությունը դեռ քննարկման առարկա կարող է լինել (խնդիրներն ու հարցերն այստեղ բազմաշերտ են), ապա ռազմաքաղաքական դաշինքի կնքումն անհրաժեշտություն է, որն անմիջապես պիտի կյանքի կոչվի:
Միաժամանակ, կարևոր է շեշտել, որ պաշտոնական Երևանի կողմից Արցախը ճանաչել-չճանաչելու հարցը չի կարող և չպետք է խոչընդոտ լինի աշխարհի տարբեր երկրների կողմից Արցախը ճանաչելու հարցում: Արդեն իններորդ օրը շարունակվող լայնամասշտաբ պատերազմը, որտեղ Ադրբեջանի կողմից ներգրավվել են նաև վարձկան ահաբեկիչներ Մերձավոր Արևելքից, մասնավորապես՝ Սիրիայից, չի կարող անարձագանք մնալ միջազգային հանրության կողմից: Քաղաքակիրթ աշխարհի համարժեք պատասխանը թուրք-ադրբեջանական ագրեսիային պիտի լինի Արցախի ճանաչումը, որն այլև այլընտրանք չունի: Վստահաբար՝ ստեղծված պայմաններում Արցախի միջազգային ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման միակ գործող մեխանիզմն է: