Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, փոխանցում է Aysor-ը:
Ինչպես իր ելույթում նշեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը, նախագծով առաջարկվում է պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորությունների շարքում ներառել նաև հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասությունը:
«Ներկայում գործում է հանրապետության նախագահի հրամանագրով հաստատված համապատասխան պլանը», - ասաց փոխնախարարը:
Գաբրիել Բալայանը միաժամանակ տեղեկացրեց, որ նախագծի վերաբերյալ մեկ առաջարկություն են ստացել «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանից, ինչը և կառավարության համար ընդունելի է եղել:
Ելույթի ավարտին Գաբրիել Բալայանը հիշեցրեց Պաշտպանության նախարարության թեժ գծի հեռախոսահամարները՝ 1 28, 85 01 և 85 03, որով հնարավոր է զինծառայողների մասին տեղեկություն ստանալ: