ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ղարաբաղի հակամարտության գոտում Սիրիայից զինյալների տեղակայումը Ռուսաստանի համար խորը մտահոգության առիթ է, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Այս օրերին հակամարտության թեժ գոտում զինյալների գտնվելը մեծ վտանգ է ներկայացնում և խորը մտահոգության պատճառ է հանդիսանում Ռուսաստանի համար»,- նշել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնությունը նախատեսում է Ղարաբաղում հակաահաբեկչական գործողություն իրականացնել, այնպես ինչպես Սիրիայում:
Պեսկովը նշել է նաև, որ որևէ տեղեկություն չունի Ռուսաստանի կողմից զինյալներին հակազդելու հնարավոր միջոցառումների մասին:
«Այս պահին տեղյակ չեմ այդ մասին»,- նշել է նա՝ ի պատասխան հարցին, թե արդյոք Ռուսաստանի մտահոգությունը կարող է գրոհայիններին հակազդող որևէ կոնկրետ միջոցներով արտահայտվել: