Համաշխարհային բանկը ներկայացրել է Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանի տնտեսական զարգացումների զեկույցը, համաձայն որի` այս տարի մեր տարածաշրջանի երկրների տնտեսությունները 4,4 տոկոս անկում կգրանցեն:
Հայաստանի տնտեսական անկումը կկազմի 6.3 տոկոս, աղքատության մակարդակի աճը` 4․8%: Կանխատեսվում է, որ 2021թ.-ին տնտեսության աճը կվերականգնվի մինչև 4.6 տոկոս: Պետք է նշել, որ ՀԲ կանխատեսումները մեծ շեղում չունեն Հայաստանի Կենտրոնական բանկի վերջին կանխատեսումից, համաձայն որի` հայրենական տնտեսության անկումն այս տարի կկազմի 6.2 տոկոս:
ՀԲ-ն վատթարացրել է Ադրբեջանի տնտեսության վերաբերյալ կանխատեսումները` Համախառն ներքին արդյունքի` նախկինում արված 2 տոկոսանոց անկման փոխարեն արձանագրելով 4,2 տոկոս անկման հավանականությունը:
ՀԲ-ն ադրբեջանական ոչ էներգետիկ հատվածում` գյուղատնտեսության ու ծառայությունների ոլորտում դեպրեսիա է կանխատեսում: Գնաճի` 3,3 տոկոսանոց մակարդակ, 7,5 տոկոսանոց բյուջետային դեֆիցիտ, ընդ որում` 2021թ.-ին դեֆիցիտի պահպանման կանխատեսումով:
Զեկույցի համաձայն, որպես համաճարակից շատ տուժած երկիր, Վրաստանի տնտեսական անկումը կկազմի 6 տոկոս: Աղքատության մակարդակը հարևան Վրաստանում կավելանա 2.8 տոկոսով: Նշվում է, որ երկիրը մեծ խնդիրների առաջ է կանգնած նաև դոլարիզացիայի բարձր մակարդակի պատճառով:
Համաշխարհային բանկը, հիմնվելով բազիսային կանխատեսումների վրա, տնտեսական անկում է նախանշել նաև Թուրքիայի համար` 3.8 տոկոս: Զեկույցում նշվում է, որ թուրքական տնտեսության հիմնական հատվածները խիստ զգայուն են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների նկատմամբ, ինչը կհանգեցնի զբաղվածության հետագա կրճատման և միայն 2020թ.-ին աղքատ բնակչության 1,2 մլն-ով ավելացման: Նշվում է նաև, որ Թուրքիայի արտադրության ծավալների անկումը կգերազանցի 2019թ.-ի 4 տոկոս անկմանը, որը ռեկորդային էր վերջին 15 տարիների համար:
Հատկանշական է, որ ՀԲ կանխատեսումներում դիտակված չէ թուրք-ադրբեջանական սանձազերծ ագրեսիան Արցախի նկատմամբ, ինչն, անշուշտ, է’լ ավելի վատ իրավիճակի առաջ կկանգնեցնի տարածաշրջանի երկրների տնտեսությունները: Դրանց թվում արդեն իսկ նկատվում են թուրքական տնտեսության ճգնաժամային զարգացումները` կապված լիրայի շարունակական ռեկորդային արժեզրկման հետ: Չնայած, թուրքական արժույթի անկումը վաղուց սկսված գործընթաց է և ամբողջությամբ պայմանավորված չէ Թուրքիայի ռազմական ագրեսիայով, սակայն սեպտեմբերի 27-ից սկսած` թուրք-ադրբեջանական նախաձեռնած պատերազմի արդյունքում, լիրայի անկումները ձգտում են պատմական մինիմումի:
Նույն տրամաբանության ներքո վատագույնը կարելի է սպասել նաև ադրբեջանական տնտեսության պարագայում: Այս երկրի տնտեսությունն առանց այդ էլ զրկված է բյուջետային հիմնական եկամուտներից` կապված նավթի գների անկման հետ: Ռազմական գործողություններ հրահրելով, փաստացի, Ադրբեջանը միառժամանակ կարող է մոռանալ օտարերկրյա ներդրումների մասին, որոնք առանց այդ էլ միայն 2019-ին գրեթե երեք անգամ անկում էին ապրել: Այս օրերին, անկում է ապրում ադրբեջանական նավթի գինը` պատերազմի սանձազերծումից հետո երկու օրվա ընթացքում գրեթե 10 տոկոսով: Արժեզրկվում է նաև ադրբեջանական մանաթը:
Հասկանալի է, որ Հայաստանի տնտեսության կանխատեսումը ևս պատերազմի հետանքով որոշակի բացասական շեղում կտա, սակայն, համեմատության համար նշենք, որ հայկական դրամը հիմնականում կայուն վարքագիծ է դրսևորել պատերազմի սկզբից ի վեր: