Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ադրբեջանի զինված ուժերի կողմից կատարած ռազմական հանցագործությունները դատապարտելու և գործնական քայլեր ձեռնարկելու կոչով դիմել է միջազգային հանրությանը: Արման Թաթոյանը նշել է, որ անհրաժեշտ են հրատապ քայլեր և ժամանակն է ոչ թե ձևական կոչերով կամ կոնֆերանսներում գեղեցիկ ելույթներով, այլ իրական քայլերով անհապաղ դադարեցնել այս շարունակվող հումանիտար աղետը, զոհերն ու զանգվածային ավերածությունները:
«Սեպտեմբերի 27-ից ադրբեջանական զինված ուժերը թիրախային ինտենսիվ հարվածներ են հասցնում և հրետակոծում Հայաստանի և Արցախի քաղաքացիական բնակավայրերը և խաղաղ բնակչությանը: Զինված հարձակումները տարբերակում չեն դնում և գլխավորապես հստակ նպատակ ունեն քաղաքացիական անձանց հասցնել որքան հնարավոր է մեծ չափի թիրախային վնաս` զոհեր, սպանություններ, համատարած ավերածություններ:
Այս ամենն արդեն ապացուցում են ոչ միայն ռազմաօդային և հրետանային թիրախային հարձակումները, դրանց ծանր հետևանքները, այլև արգելված կասետային զինատեսակներով հարձակումները: Կասետային մարտագլխիկներով շարունակական հարվածները գյուղերի և քաղաքների, դպրոցների ու մանկապարտեզների, հայկական մշակույթային ժառանգության ուղղությամբ»,-նշել է Թաթոյանը: