Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Արցախում զինված հակամարտության կողմերին կոչ է արել երկարացնել հրադադարի ռեժիմը, և այն օգտագործել՝ հարցի լուծումը քաղաքական դաշտ տեղափոխելու համար, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Պատրիարքի հայտարարությունը երեքշաբթի հրապարակվել Է Ռուս ուղղափառ եկեղեցու պաշտոնական կայքում:
«Շատ կարևոր եմ համարում Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով ձեռք բերված համաձայնությունները: Դիմում եմ երկու երկրների ղեկավարներին՝ կոչ անելով հրադադարն օգտագործել հարցի լուծումը քաղաքական դաշտ տեղափոխելու համար: Հանուն երկու հարևան ազգերի ապագայի կոչ եմ անում երկարացնել հրադադարը, և այն խաղաղ բանակցությունների համար օգտագործել»,- ասվում է փաստաթղթում:
Նա նաև երկու ժողովուրդների հոգևոր առաջնորդներին կոչ է արել աշխատել Ռուս ուղղափառ եկեղեցու հետ՝ թույլ չտալու համար, որ հակամարտությունը միջկրոնական դառնա: «Այսօր մեզանից յուրաքանչյուրն ու մենք բոլորս պետք է անենք ամեն հնարավորը, որ արյունահեղությունը դադարի»,- ասել է նա՝ նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետմականորեն եղել և լինելու են հարևաններ, հայերն ու ադրբեջանցիները միևնույն է կողք կողքի են ապրելու: