Այսօր Մոսկվայում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ ունեցած հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ.
«Համանախագահները տագնապով նշում են ԼՂ հակամարտության ներքո բռնության շարունակումը: Համանախագահները կոչ են անում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին անհապաղ քայլեր ձեռնարկել՝ լիարժեք կատարելու կողմերի պարտավորությունները՝ համաձայն հոկտեմբերի 10-ի Մոսկվայի հայտարարության՝ նպատակ հետապնդելով կանխել աղետալի հետևանքները տարածաշրջանի համար:
Համանախագահները վերահաստատում են, որ քաղաքացիական զոհերի առկայությունն անընդունելի է ցանկացած հանգամանքներում: Համանախագահները կոչ են անում կողմերին անհապաղ կյանքի կոչել մարդասիրական հրադադարը՝ թույլ տալու համար դիերի, ռազմագերիների և կալանավորվածների վերադարձ՝ և հորդորում են կողմերին հրատապ համաձայնել հրադադարի վերիֆիկացիոն մեխանիզմների շուրջ:
Շարունակելով Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկումները՝ համանախագահներն աշխատում են կողմերի հետ ԼՂ քաղաքական կարգավորման սուբստանտիվ հարցերի վրա՝ հասնելու համար բանակցված կարգավորման»: