ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պետք է դադարի Անկարայի հետ խաղալ և Ադրբեջանին հայտարարի, որ չի հանդուրժի ռազմական գործողությունները Ղարաբաղյան հակամարտության գոտում։ ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը նման հայտարարությամբ է հանդես եկել իր պաշտոնական կայքում, հաղորդում է Sputnik Արմենիան։
Միևնույն ժամանակ, Բայդենի խոսքով` ԱՄՆ վարչակազմը պետք է ասի, որ «Ղարաբաղի հարակից տարածքները չեն կարող անորոշ ժամանակով զբաղված լինել»։ Նա նշում է, որ հակամարտության երկարաժամկետ կարգավորման շուրջ բանակցությունները պետք է սկսվեն հրադադարի մասին համաձայնագրից անմիջապես հետո:
«Թրամփի վարչակազմն անբացատրելի լռություն է պահպանել սեպտեմբերի 27-ի ռազմական գործողությունների սկսվելուց հետո։ Ո՛չ նախագահ Թրամփը, ո՛չ պետքարտուղար Պոմպեոն չեն զանգահարել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին, թեև տարածաշրջանում պատերազմի բոց է մոլեգնում։ Թրամփի վարչակազմը պետք է ավելի ակտիվ աշխատի լարվածությունը նվազեցնելու և կողմերին բանակցությունների սեղան վերադարձնելու համար», - նշել է նա։
Բայդենի կարծիքով ՝ Թրամփի վարչակազմը պետք է զգուշացնի նաև Թուրքիային, որ հակամարտությանը միջամտել չի կարելի։
Նրա խոսքով` այս հարցում դիվանագիտական լուծման հասնելը դժվար է, բայց Թրամփի վարչակազմը պարտավոր է քայեր անել, քանի դեռ զոհերի քանակը չի ավելացել։