Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում հնարավոր է քաղաքական կարգավորում, այս կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկները մնում են բանակցությունների սեղանին:
«Իհարկե, քաղաքական կարգավորումը հնարավոր է: Առաջարկները, որոնք համանախագահները մշակել են և շարունակում են մշակել, բանակցությունների սեղանի վրա են, դրանց բովանդակությունն արդեն հայտնի է՝ դա Ղարաբաղի շուրջ շրջանների փուլային ազատումն է՝ Ղարաբաղի անվտանգության երաշխիքներներով և մինչ այդ սահմանելով՝ թե ինչպես պետք է որոշվի Ղարաբաղի վերջնական կարգավիճակը, Հայաստանի և Ղարաբաղի միջև պետք է լինի հուսալի կապ», - նշել է նա այսօր ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում:
Լավրովի խոսքով, ՌԴ ռազմական դիտորդները կարող են ներառվել Ղարաբաղում հրադադարի վերահսկման մեխանիզմների կազմում:
Միևնույն ժամանակ ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Մոսկվան չի կիսում հակամարտությունը ռազմական ճանապարհով կարգավորելու վերաբերյալ Թուրքիայի և Ադրբեջանի տեսակետը: