Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը նորից վերսկսել են լայնածավալ հարձակողական գործողությունները հատկապես հյուսիսային ուղղությամբ, նաև հարավային ուղղությամբ՝ բայց ոչ դեպի Արաքսի հովիտ, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Երկու ուղղություններով էլ համառ հարձակումներ են փորձել զարգացնել, հիմնականում հրետանային հուժկու ինտենսիվ կրակոցի պարագայում՝ հետևակով, զրահատեխնիկայի մինիմալ կիրառությամբ, շատ մեծ խտությամբ շարակազմերով, մարտակարգերով», - ասել է Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշել է, որ հայկական զինված ուժերը հակառակորդին հասցրել են մեծ կորուստներ և հետ են շպրտել։
«Բավականին մեծ են Ադրբեջանի զինված ուժերի կորուստները՝ կենդանի ուժի տեսանկյունից այսօրվա և երեկվա ընթացքում», - ասել է Հովհաննիսյանը։
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ հակառակորդը նոր մարտավարություն է որդեգրել՝ հատկապես բարձունքները գրոհելիս։
«Մեծ խտությամբ հետևակի կիրառություն, աննկարագրելի, այնպիսին, ինչպիսին շատ հաճախ տեսել ենք միայն ֆիլմերում», - ասել է Հովհաննիսյանը։