Թուրքիայի իշխանությունները չորեքշաբթի երեկոյան 20 րոպե շարունակ Հունաստանի կառավարական օդանավը պահել են Մոսուլից հյուսիս թուրք-իրաքյան սահմանի երկնքում՝ մերժելով թռիչքը շարունակելու թույլտվություն տալ, որին հավանություն էին տվել մի փոքր ավելի վաղ։ Օդանավում է եղել երկրի արտգործնախարար Նիկոս Դենդիասը, որը վերադառնում էր Աթենք, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ հայտնում է հունական ERT հեռուստատեսությունը։
«Այս գործողությունը դուրս է գալիս բարիդրացիություն հասկացության շրջանակից և խախտում է դիվանագիտական վարքագծի կանոնները»,- նշում է հեռուստաալիքը։
Հունաստանի ԱԳ նախարարի այցը Իրաք 22 տարում առաջինն էր։ Այցի ավարտից հետո օդանավը օդ էր բարձրացել Իրաքից։
«Թուրքական իշխանությունները տեղեկացված էին VIP չվերթի մասին և թռիչքի թույլտվություն էին տվել, բայց սահմանին մոտենալիս այն հետ են կանչել։ Սկսվեցին ինտենսիվ դիվանագիտական բանակցություններ, օդանավը ստիպված էր բարձրությունը պակասեցնել և շրջաններ կատարել, մինչ խնդիրը լուծվեց։ Ընդ որում՝ առաջացավ վառելիքի անբավարարության վտանգ»,- հայտնում է ERT-ն։