Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսային զրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։ ՌԴ ԱԳՆ կայքից տեղեկանում ենք, որ հեռախոսային զրույցների ընթացքում քննարկվել է «իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում», փոխանցում է Panorama.am-ը:
Լավրովը շեշտադրել է հոկտեմբերի 1-ին ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հայտարարության արդիականությունը։
Զրույցների ընթացքում ընդգծվել է երեք ԱԳ նախարարների հոկտեմբերի 10-ին հումանիտար նպատակներով հրադադար նախատեսող մոսկովյան հայտարարությանը խստագույն հետևելու անհրաժեշտությունը։
Վերահաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ խաղաղ կարգավորման շուտափույթ հասնելու նպատակով առարկայական բանակցություններ սկսելու վերաբերյալ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածության կարևորությունը։