Հնչել է Արցախի միջազգային ճանաչման ժամը և Սփյուռքը պետք է բարձրացնի այդ դրոշն ամբողջ աշխարհում։ Այս մասին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության թեմերին ուղղած իր շրջաբերական նամակում շեշտել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը։
«Հնչել է Արցախի միջազգային ճանաչման ժամը։ Հատկապես Սփյուռքը, իր քարոզչական ու հարաբերական լայն հնարավորություններով կոչված է բարձր պահել Արցախի ճանաչման դրոշը։ Արդարև, քաղաքների, նահանգների ու կազմակերպությունների կողմից ճանաչման որևէ քայլ իր կարևոր նպաստը կարող է բերել միջազգային համայնքին կողմից Արցախի անկախության ճանաչման գործում», նշված է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ֆեյսբուքյան էջում։ Արամ Ա Վեհափառը հանձնարարել է թեմերի առաջնորդ սրբազաններին, ազգային կառույցներին ու հարակից մարմիններին հետևողական աշխատել Արցախի միջազգային ճանաչման համար։
Նորին Սրբությունը միաժամանակ հիշեցրել է, որ «գործնական բոլոր միջոցներով պետք է շարունակենք մեր ամբողջական ու անվերապահ աջակցությունը Հայոց բանակին։ Հայոց բանակը մեր հպարտությունն է, մեր ազգի ու հայրենիքի գոյության երաշխիքն է, բոլոր ճակատներում մեր հերոս տղաները պայքարում են գիշեր-ցերեկ և պատրաստ են իրենց արյունը թափել հանուն Արցախի անկախության»։
Նշվում է նաև, որ Վեհափառ Հայրապետը նաև հոգևոր առաջնորդների, միջեկեղեցական կառույցների և կազմակերպությունների հետ իր շփումնրում շարունակելու է մեծ կարևորություն տալ Արցախի ճանաչման հարցին։