«Առաջարկվում է հնարավորություն ընձեռել, որպեսզի բանկերն ու վարկային կազմակերպությունները կարողանան առանց հարկային հետևանքներ կրելու ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց որոշակի շրջանակի վարկային պարտավորությունները»,- այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը՝ ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, փոխանցում է Panorama.am-ը:
Նրա խոսքով, այդ դեպքում վարկային պարտավորություն ասելով նկատի են առնվել ոչ միայն տույժերն ու տուգանքները, այլ նաև վարկի մայր գումարները։
Բացի այդ, ըստ փոխնախարարի, հնարավորություն է ընձեռվում առանց վարկային հետևանքների ներել հենց մարտական գործողություններին մասնակցած զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց, այլ նաև նրանց հետ առաջին կարգի ազգակցական կապ ունեցողների՝ համատեղությամբ ապրող ծնողների, ամուսնու և համատեղությամբ ապրող զավակների վարկային պարտավորությունները։
«Առաջ բացառություն էր նախատեսվում ԱՁ-ների և նոտարների համար, այն դեպքերում, երբ նրանք, լինելով ֆիզիկական անձինք, այդուհանդերձ վարկերը վերցրել են՝ որպես ԱՁ-ներ կամ նոտարներ, այսինքն՝ որպես բիզնես սուբյեկտներ։ Հիմա առաջարկում ենք, որ նրանց նույնպես այս հնարավորությունը տրվի»,- ներկայացրեց փոխնախարարը։