«Հայաստան» համահայկական հիմնադրամը երեկ երեկոյան ազդարարեց «50 PLUS» համահայկական նախաձեռնության մեկնարկը, որն արդեն ԱՄՆ և Արևմտյան Եվրոպայի հայ համայնքներում բավական թափ է առել՝ ներգրավելով հազարավոր մարդկանց: Սա մի նոր շրջափուլ է Հայրենիք-Սփյուռք արդեն բյուրեղացած կապերի։ Նախաձեռնության տրամաբանությունն է հիմնադրամի նվիրատուներին քաջալերել ընտրելու ամսական պարբերականությամբ աջակցելու «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերին։ Դրա համար անհրաժեշտ է Հիմնադրամի կամ նրա տեղական մարմինների կայքէջերում իրենց առցանց վճարումները դարձնել ամենամսյա և փոխանցելու են 50 ԱՄՆ դոլար, եվրո կամ այլ արժույթով համարժեք գումար:
«Այժմ համահայկական ռեսուրսների համախմբման իրական ժամանակն է, երբ միլիոնավոր հայեր կանգնած են ինչպես մեկ բռունցք, որտեղ սակայն յուրաքանչյուրի ներգրավվածությունը շատ կարևոր է։ 50PLUS-ը ինքնաբավ, հզոր ու հարատև Հայրենիք ունենալու գրավականն է։ Եկեք միանանք և ուս ուսի տված, իրար թիկունք պահած սարեր սասանենք ու վերակերտենք մեր ավելի հզոր, ավելի ամուր Հայրենիքը»,- իր խոսքերում նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։