Ադրբեջանական կողմում կա գերեվարված տասնյոթ հայ զինվորական՝ համաձայն հաստատված տվյալների: Այս մասին հոկտեմբերի 27-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Քննչական կոմիտեի քրեական-իրավական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը, հայտնում է News.am-ը:
Նրա խոսքով` ևս երկու զինվորականի և քաղաքացիական անձի հետ կապված տվյալները ճշտվում են: Հայկական կողմն աշխատում է ՄԻԵԴ-ի հետ, բժշկական օգնության ապահովմանը և կյանքի ու առողջության պաշտպանությանն ուղղված միջոցառումների կիրառման վերաբերյալ դիմումներ են ներկայացվել: Որոշ դիմումներ արդեն բավարարվել են, մյուսները քննարկման փուլում են:
Քննչական կոմիտեի ներկայացուցիչը նաև հայտնել է, որ քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է երկու գերեվարված ադրբեջանցի: