Ժամանակն է, որ Սփյուռքի մեր ազդեցիկ հայրենակիցները՝ որպես Արցախի հատուկ լիազորություններով դեսպաններ, աշխարհին ներկայացնեն Արցախի ձայնն ու ագրեսիայից պաշտպանվելու իրավունքը։ Այս մասին «Տողերի արանքում» հաղորդաշարի հատուկ թողարկման ընթացքում ասել է վերլուծաբան Կարեն Բեքարյանը։
«Հրադադարի ռեժիմը նորից չպահպանվեց՝ անկախ անգամ նրանից, որ Թրամփը կարող է հայտարարել, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է, ինչը նույնիսկ ծիծաղելի է»,- ասել է նա։
Այս պահի դրությամբ վերլուծաբանը երկու կարևոր դրույթ է առանձնացրել, որոնց ուղղությամբ պետք է կենտրոնանան Հայաստանի և Արցախի դիվանագիտական ջանքերը։
«Հայաստանի Հանրապետության մասով ժամանակն է, ժամանակն է, ժամանակն է բանակցողների հստակ թիմերով, հատուկ լիազորություններով աշխատելու հիմնական գործընկերների հետ՝ արագ արդյունքի հասնելու վրա։ Հիմնվելով առանձին երկրների հետ մեր երկկողմ հարաբերությունների վրա և օգտագործելով սփյուռքի համայնքային հնարավորությունները՝ անհրաժեշտ է հետապնդել մեկ խնդիր՝ հասնել Արցախի անկախության ճանաչմանը»,- ասել է Բեքարյանը՝ հավելելով, որ ՌԴ հետ օրակարգը շատ ավելի լայն է։
Զուգահեռ, նա անհրաժեշտ է համարում սփյուռքի ներուժն օգտագործել՝ Արցախի ձայնն աշխարհին, երկրների ղեկավարներին և որոշում ընդունողներին լսելի դարձնելու համար, գրում է Tert.am-ը։
«Պահն է, որ աշխարհի տարբեր երկրներում մեր հայրենակիցները, որոնց դերն ու կշիռը թույլ է տալիս անմիջական երկխոսություն ունենալ երկրների ղեկավարների, որոշում ընդունողների հետ, դառնան մաս Արցախի դիվանագիտական ծառայության, ունենան հատուկ լիազորություններով դեսպանի կարգավիճակ և փորձեն այդ կարգավիճակով Արցախի ձայնը, Արցախի ակնկալիքը և, վերջիվերջո, ագրեսիայից պաշտպանվելու Արցախի իրավունքը ներկայացնել աշխարհին ամենաբարձր հարթակներում և մակարդակով»,- նշել է վերլուծաբանը։