Հակառակորդը կեսօրին հրետանի է կիրառել Բերձոր քաղաքի վրա. Արցախի ԱԻՊԾ

20:23     27 հոկտեմբերի, 2020

Օրվա ընթացքում Ադրբեջանը կրակի տակ է պահել Արցախի խաղաղ բնակավայրերը. կան տուժածներ։ Այս մասին հայտնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը։

«Օրվա ընթացքում Ադրբեջանը կրակի տակ է պահել Արցախի խաղաղ բնակավայրերը: Կան տուժածներ.

Կեսօրին հրետանի է կիրառվել Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի վրա, կան բազմաթիվ ավերածություններ:

Հետկեսօրին թշնամին ռազմական ավիացիայով ռմբակոծել է Մարտունի քաղաքը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ, հանրային ու տնտեսական նշանակության օբյեկտներ: Մարդկային կորուստներ չկան: Այստեղ ևս նյութական վնասները շատ են:

«Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրթիռակոծվել է նաև Մարտունու շրջանի Ննգի գյուղը: Կասետային ռումբերի հարվածի հետևանքով երեք կին վիրավորում է ստացել: Ամբողջությամբ ավերվել է մեկ տուն, տարբեր աստիճանի վնաս է հասցվել համայնքի այլ տների ու ենթակառուցվածքների ևս»,- գրել է նա։


© armedia.am