Անկարան դատապարտում է Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանի ծաղրանկարների հրապարակումը Charlie Hebdo ֆրանսիական ամսագրում և դրանք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «հակամուսուլմանական ծրագրի» պտուղներն է համարում, հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի կոմունիկացիաների բաժնի ղեկավար Ֆահրեթին Ալթունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ Charlie Hebdo-ն իր շապիկին հրապարակել էր Էրդողանի ծաղրանկարը` Փարիզի և Անկարայի հարաբերությունների միջև ճգնաժամի ֆոնին: Թուրքիայի ղեկավարը ծաղրանկարում պատկերված է կիսահագնված, նստած է բազկաթոռին և աջ ձեռքում զովացուցիչ ըմպելիք է: Մյուս ձեռքով նա բարձրացնում է ծառա կնոջ զգեստի ծայրը: Ծաղրանկարը վերնագրված է` «Էրդողանն անձնական կյանքում շատ անպարկեշտ է»:
«Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հակամուսուլմանական ծրագիրը պտուղներ է տալիս: Charlie Hebdo-ն հենց, այսպես կոչված, ծաղրանկարների նոր շարք է հրապարակել, որը լի է իբր մեր նախագահի վիրավորական պատկերներով: Մենք դատապարտում ենք այս հրապարակման մշակութային ռասիզմ և ատելություն սերմանելու նողկալի փորձը»,- գրել է Ալթունը Twitter-ում:
Նա նշել է, որ «ռասիստական, այլատյացական, իսլամաֆոբական և հակասեմական հրահրումները չեն կարողանա Թուրքիային պատասխան գործողությունների դրդել»:
«Այս տեսակի անպատասխանատու և անիմաստ հարձակումները մեր մշակույթի դեմ միայն ռասիզմ և խտրականություն կծնեն: Մենք մեր եվրոպացի բոլոր առողջ ընկերներին կոչ ենք անում պայքարել այսպիսի պարզունակ մշակութային ռասիզմի, մտավոր անպտղության և ոչ քաղաքակիրթ բանավեճի դեմ»,- հավելել է Ալթունը: