Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին պաշտոնյան հայտարարել է հոկտեմբերի 28-ին:
«Իմ աշխատակազմի աշխատակիցներից մեկը վարակվել է կորոնավիրուսով: Կեսգիշերին հայտնի դարձավ նաև իմ թեստի արդունքը, այն դրական է»,- նշել է Ղալիբաֆը:
Վերջինս հայտարարել է, որ գտնվում է կարանտինում, բայց մտադիր է շարունակել կատարել իր պարտականությունները:
Վերջին օրերին Իրանում վերսկսվել է ախտահարվածների թվի աճը: Ցուցանիշների հարաբերական անկում էր դիտվում ամռան վերջին. օգոստոսի 31-ին հիվանդացածների օրական աճը նվազել էր մինչև վերջին շաբաթների ընթացքում նվազագույնը՝1 642:
Պաշտոնապես Իրանում կորոնավիրուսի տարածման երկրորդ ալիքի մասին հայտարարվել է հուլիսի 15-ին: Հոկտեմբերի 27-ի դրությամբ Իրանում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 581 824-ի, ապաքինվել է 463 611 մարդ, իսկ մահացու վախճանների ընդհանուր թիվը հասել է 32 953-ի: