ՀՀ կառավարությունը կաջակցի բիզնեսին համավարակի և պատերազմի հետևանքով առաջացած խնդիրները լուծելու հարցում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, փոխանցում է news.am-ը:
Կառավարությունը, նրա խոսքով, հասցեական քաղաքականություն կվարի:
Խաչատրյանը նաև նշեց երկու հիմնական գործոն, որոնք ազդել են այս տարվա տնտեսական վիճակի վրա և կշարունակեն ազդել 2021 թվականին:
«Առաջին հերթին, տարեսկզբից պանդեմիան հանգեցրեց նրան, որ անհրաժեշտ եղան որոշ շտկումներ կառավարական փաթեթում՝ ուղղված տնտեսական աջակցությանը ինչպես արտահանման ոլորտում, այնպես էլ փոքր և միջին բիզնեսի, ինչպես նաև տարբեր զբոսաշրջային միջոցառումների զարգացմանը»,-ասաց նախարարը:
Երկրորդ հերթին, նախարարի խոսքով, ռազմական դրությունը նոր խնդիրներ ստեղծեց, որոնց այսօր բախվում է մասնավոր ոլորտը: