Ֆրանսիացի ժողովուրդը չի հրաժարվի ժողովրդավարության արժեքներից՝ չնայած իսլամիստ ահաբեկիչների հարձակումներին, որոնց դեմ կշարունակի պայքարել: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նամակում, որը հրապարակվել է հինգշաբթի Financial Times-ում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ֆրանսիան ենթարկվել է իսլամիստ ահաբեկիչների հարձակմանը, քանի որ այն մարմնավորում է խոսքի ազատությունը, դավանանքը և կյանքի որոշակի ձևը: Մեր ազգը միավորվել է՝ հետապնդելով ահաբեկիչներին ուր էլ նրանք լինեն: Մեր հետախուզական և ոստիկանության ծառայությունները, որոնք մեծ գին են վճարել, կանխում են ամեն տարի տասնյակ հարձակումներ: Ամբողջ պետությունը մոբիլիզացնում է իր ուժերը խորհրդարանի կողմից քննարկված և ընդունված օրենքների հիման վրա: Քանի որ մենք չենք հրաժարվի ոչ ժողովրդավարությունից, ոչ էլ օրենքի գերակայությունից», - գրել է Ֆրանսիայի առաջնորդը:
«Ես թույլ չեմ տա որևէ մեկին պնդել, որ Ֆրանսիան կամ նրա կառավարությունը խրախուսում են ռասիզմը մուսուլմանների նկատմամբ», - ասել է նա՝ մատնանշելով, որ Ֆրանսիան «մուսուլմանների համար նույնքան աշխարհիկ երկիր է, որքան քրիստոնյաների, հրեաների, բուդդիստների և բոլոր հավատացյալների համար»: