Դալայ լաման մեկնաբանել է իսլամիստների կողմից վերջերս Ֆրանսիայում և եվրոպական այլ երկրներում իրականացված ահաբեկչությունները` կոչ անելով չխառնել առանձին ծայրահեղականներին և բոլոր մահմեդականներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Վերջին շրջանում Եվրոպայում մի քանի զինված հարձակում է տեղի ունեցել իսլամական ֆունդամենտալիստների կողմից, սակայն մենք չենք կարող այս դժբախտության մեջ մեղադրել բոլոր մահմեդականներին: Դա սխալ կլիներ»,- հինգշաբթի ասել է Դալայ լաման ռուս բուդդիստների համար անցկացվող առաջին առցանց դասընթացին` պատասխանելով հարցին, թե ինչպես հաշտեցնել խոսքի ազատությունն ու իսլամական դոգմատիզմը Ֆրանսիայում տեղի ունեցածի լույսի ներքո:
Ըստ նրա` եթե ծայրահեղական տրամադրված մի մահմեդական հանցագործություն է կատարել, սխալ է դրա համար մեղադրել իսլամի բոլոր հետևորդներին: «Օրինակ, տիբեթական բուդդիզմի հետևորդների մեջ կան մարդիկ, ովքեր կոնֆլիկտներ են ստեղծում, սակայն սխալ կլինի այդ պատճառով ասել, որ բոլոր բուդդիստնեն այդպիսին են»,- պարզաբանել է հոգևոր առաջնորդը:
Նրա կարծիքով` եվրոպական երկրները, համաշխարհային պատերազմներից հետո ստեղծելով Եվրամիությունը, «լավ մոտեցում» են օգտագործում. նրանք կուտակում են տարբեր խնդիրների լուծման փորձը և «դեպի առաջընթաց են գնում»: «Եվրամիության ստեղծումից հետո դրա անդամների միջև ռազմական բախումներ չեն եղել: Ես անընդհատ ասում եմ, որ լավ կլիներ, եթե ավելի ու ավելի շատ պետություններ, օրինակ` Աֆրիկայի երկրները, Լատինական Ամերիկան և շատ այլ երկրներ, հետևեն միացյալ Եվրոպայի օրինակին»,- հավելել է Դալայ լաման: