Երեկ ողջ գիշեր մարտերը շարունակվել են, ոչ մի րոպե չեն լռել, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Մարտերի շարունակումը կախված է նրանից, որ դիվերսիոն խմբերը, որոնք գտնվում են Շուշի քաղաքի մերձակա անտառներում, համայնքներում, ճանապարհներին, ձորակներում ու այլուր, փորձում են ամեն կերպ լուծել որոշակի խնդիր», - ասել է նա։
Հովհաննիսյանը նշել է, որ առավոտյան մարտերը շարունակվել են ավելի թեժ։
«Օրվա ընթացքում Ադրբեջանի Զինված ուժերը հյուսիսում ՝ Կարմիր Շուկայի հատվածում, հարավային ուղղությամբ, տարբեր տեղերում փոքր գրոհող խմբերով նվազագույն քանակի զրահատեխնիկայով հրետանու կրակի աջակցությամբ փորձել են նորից առաջ գալ, հետ են շպրտվել՝ կրելով որոշակի կորուստներ», - ասել է ՊՆ ներկայացուցիչը։
Ինչ վերաբերում է Շուշի քաղաքի մեձակա տարածքների դիվերսիոն խմբերին, Հովհաննիսյանն ասել է, թե վերջիններս հիմնականում հանդիպելով մեր զինված ուժերի դիմադրությանը ՝ երկարատև մարտի չեն բռնվում:
«Օրվա ընթացքում հաջողվել է մի քանիսին օղակել ու ոչնչացնել, կորուստներ կրելով՝ շպրտել:
Ադրբեջանի նախագահն ասում է, թե այդ զորքերը հարձակվում են դեպի Շուշի, բայց հարց՝ ինչպե՞ս է լինում, որ հարձակվողներին մենք պիտի հատ-հատ հայտնաբերենք ու ոչնչացնենք: Ցանկացած տեսակի պատերազմի ժամանակ հարձակվողներին չեն փնտրում, հարձակվողները գալիս են», - ասել է Արծրուն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ մարտերը շարունակվում են ու, այսօր գիշեր էլ, նրա խոսքով, մարտերը կլինեն այնպիսին, ինչպիսին երեկ էր։