ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը շնորհավորել է դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենին ԱՄՆ նախագահի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, փոխանցում է Aysor.am-ը:
«Շնորհավորում եմ ձեզ, Ջո Բայդեն և Կամալա Հարիս, ԱՄՆ հաջորդ նախագահի և փոխնախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ», - գրել է նա Twitter-ում:
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը ևս շնորհավորել է Ջո Բայդենին Միացյալ Նահանգների նախագահ ընտրվելու կապակցությամբ:
«Շնորհավորում ենք Ջո Բայդենին (@JoeBiden)՝ Միացյալ Նահանգների նորընտիր նախագահին: Եվրոպան և Միացյալ Նահանգները կիսում են արժեքների համակարգը` արժեքների, որոնք մենք միասին պահպանում ենք: Ուրախ ենք մեր հետագա համագործակցության համար», - գրել է Կուրցը Twitter-ում:
«Սրտանց շնորհավորում եմ: Ամերիկայի քաղաքացիները որոշում են կայացրել: Ջո Բայդենը կդառնա Ամերիկայի Միացյալ Նահանգների 46-րդ նախագահը: Իմ սրտի խորքից մաղթում եմ նրան երջանկություն և հաջողություն, ինչպես նաև շնորհավորում եմ Կամալա Հարիսին, որն ընտրվել է իր երկրի առաջին փոխնախագահ», - ասված է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի շնորհավորանքում, որը տեղադրվել է մամուլի ծառայության Twitter-ում:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես շնորհավորել է Ջո Բայդենին ԱՄՆ նախագահի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:
«Ամերիկացիներն ընտրել են իրենց նախագահին: Շնորհավորում ենք Ջո Բայդենին և Կամիլա Հարիսին: Մենք շատ անելիքներ ունենք այսօրվա մարտահրավերներին դիմակայելու համար: Եկեք միասին գործենք», - գրել է Մակրոնը Twitter-ի իր էջում:
Իսկ ահա Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Եվրամիության անունից հայտարարությամբ է հանդես եկել՝ շնորհավորելով Ջո Բայդենին և Կամալա Հարիսին:
«ԵՄ-ն ուշադիր հետևում է ԱՄՆ նախագահի և Կոնգրեսի ընտրություններին: Մենք հաշվի ենք առնում ընտրական գործընթացից ստացված վերջին տվյալները: Այս հիմքի վրա ԵՄ-ն շնորհավորում է ընտրված նախագահ Ջո Բայդենին և փոխնախագահ Կամալա Հարիսին բավարար ձայներ հավաքելու կապակցությամբ», - ասված է հայտարարության մեջ: