Անկյունաքարային նշանակություն ունեցող գործոնը, որ բերել է այդ հայտարարության ստորագրմանը մեր կողմից, այն փաստի արձանագրումն էր, որ, ըստ էության, Ստեփանակերտ քաղաքը մնացել է անպաշտպան՝ Շուշիի անկումից հետո, և եթե շատ արագ՝ ժամերի ընթացքում, մենք չկանգնեցնենք պատերազմը, Ստեփանակերտը կընկնի, որից հետո ինքնաբերաբար Ասկերանը, Մարտակերտը, այսինքն՝ սցենարներից կախված 20-30 հազար մեր զինվորներ կհայտնվեին շրջափակման մեջ: Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Ընդ որում՝ այդ թիվն ինչո՞ւ է տարբեր: Որովհետև նայած ինչ կոնֆիգուրացիայով դա տեղի կունենար: Եվ, ընդ որում, այստեղ շատ կարևոր է, որ այդ զինվորները՝ շրջափակման մեջ հայտնված, իրենք չէին կարող ազդել իրավիճակի վրա: Ինչո՞ւ, որովհետև նրանք կանգնած էին առաջնագծում, իսկ շրջափակումը տեղի էր ունենալու թիկունքից: Սա այն դեպքը չէր, երբ հրաման հնչեր՝ շրջանաձև պաշտպանություն կազմակերպել, որովհետև այդ դեպքում ամբողջությամբ նաև առաջնագիծը կքանդվեր, և մենք կունենայինք այդպիսի իրավիճակ»,- ասել է Փաշինյանը: