Լեռնային Ղարաբաղի չճանաչումը, այդ թվում`Հայաստանի կողմից, նշանակալի գործոն էր արյունալի հակամարտության ընթացքում, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում, փոխանցում է Aysor.am-ը:
«Ինչ վերաբերում է Ղարաբաղի՝ որպես անկախ պետություն ճանաչելուն-չճանաչելուն, ապա այստեղ սա կարելի է տարբեր կերպ գնահատել, բայց դա, անկասկած, նշանակալի գործոն էր, այդ թվում նաև, հուսով եմ, արդեն ավարտված այս արյունալի հակամարտության ընթացքում: Քանի որ հենց Ղարաբաղի չճանաչման փաստըը, այդ թվում՝ Հայաստանի կողմից, էապես ազդել է իրադարձությունների ընթացքի և դրանց ընկալման վրա», - նշել է Պուտինը:
«Այստեղ պետք է ուղիղ խոսել. ժամանակին Վրաստանի նախկին ղեկավարության հանցագործությունից հետո՝ նկատի ունեմ Հարավային Օսիայում մեր խաղաղապահներին հարվածելը, Ռուսաստանը ճանաչել է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը», - ավելացրել է նա:
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն արդարացիորեն ճանաչել է Ղրիմի բնակիչների կամքը և Ռուսաստանի հետ վերամիավորվելու նրանց ցանկությունը: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը չի ամաչում այդ մասին ուղիղ խոսել:
«Սա չի արվել Ղարաբաղի հարցի դեպքում, ինչն, իհարկե, էապես ազդել է այնտեղ տեղի ունեցող բոլոր իրադարձությունների վրա», - ասել է ՌԴ նախագահը: