Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նրա իրանցի գործընկեր Մուհամմեդ Ջավադ Զարիֆը Մոսկվայում կայանալիք հանդիպմանը կքննարկեն Ղարաբաղը, ինչպես նաև Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին շաբաթական ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է News.am-ը:
«Նոյեմբերի 23-ին Իրանի արտգործնախարարության ղեկավարը հերթական այցով կլինի Մոսկվայում, որի ընթացքում նա բանակցություններ կվարի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Ակնկալվում է, որ կշարունակվի կարծիքների փոխանակում միջազգային մի շարք արդիական հարցերի շուրջ, այդ թվում` իրավիճակը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շուրջ, իրավիճակը Սիրիայում, Աֆղանստանում, Պարսից ծոցի գոտում»,- ասել է Զախարովան` նշելով, որ նախարարները կքննարկեն նաև երկկողմ օրակարգը: