Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Ժան-Իվ Լե Դրիանը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են իրավիճակը Ղարաբաղում:
Ինչպես հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից՝ Լավրովը և Լե Դրիանը մասնավորապես քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ իրավիճակը, միջնորդական ջանքերը, որոնք գործադրել է Ռուսաստանը՝ հակամարտության գոտում ռազմական բոլոր գործողությունների և կրակի լիարժեք դադարեցման համար:
Նախարարներն ընդգծել են նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների կողմից ստորագրված եռակողմ հայտարարության դրույթների իրականացումն ապահովելու կարևորությունը: Այդ նպատակով հատուկ նշանակություն է ստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, փախստականների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատարի, ՄԱԿ ԶԾ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությունը: Լավրովը պարզաբանել է ռուս խաղաղապահների մասնակցության պարամետրերը, ինչպես նաև Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի գործառույթները:
Նախարարները համաձայնել են, որ ներկայումս հիմնական առաջնահերթությունները ներքին տեղահանվածների ու փախստականների անվտանգ վերադարձն է, տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաարգելափակումն է, մարդասիրական աջակցության ցուցաբերումն ու քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնումն է:
Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարները կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղի շուրջ ճգնաժամի երկարաժամկետ և լիաֆորմատ կարգավորմանն ուղղված հետագա քայլերի մասին՝ ելնելով ադրբեջանցի և հայ ժողովուրդների հավասար շահերից և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում համաձայնեցված սկզբունքների հիման վրա: