Դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Սեյեդ Աբաս Արաղչիին
Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը նոյեմբերի 22-ին հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Սեյեդ Աբաս Արաղչիին: Իրանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանն իր զրուցակցին տեղեկություններ հաղորդեց Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարության՝ եռակողմ հայտարարության ընդունումից հետո Հայաստանում և Արցախում ստեղծված վիճակի ու ընթացիկ զարգացումների մասին:
Կողմերը մտքեր փոխանակեցին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ու հետպատերազմյան գործընթացների, տարածաշրջանային և արտատարածաշրջանային ուժերի մասնակցության և հետագա հնարավոր դերակատարության մասին:
Քննարկվեցին ստեղծված բարդագույն պայմաններում Հայաստան-Իրան փոխշահավետ և փոխհամաձայնեցված համագործակցության ուղղություններն ու հնարավորությունները: Երկուստեք վստահություն հայտնվեց, որ անհրաժեշտություն կա պետական մարմինների և հասարակական շրջանակների միջև մշտական կապերի պահպանման ու ամրապնդման, խորհրդատվությունների անցկացման, ինչպես նաև ընթացիկ համագործակցության ոլորտներում համատեղ աշխատանքների ակտիվացման ուղղությամբ: