Արայիկ Հարությունյանի երևանյան այցն ու հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ, ըստ էության, մի խնդիր էր փորձում լուծել՝ ստեղծել տպավորություն, որ Հայաստանի ու Արցախի այսօրվա իշխանությունները տիրապետում են իրավիճակին և գործուն ջանքեր են ներդնում առկա խնդիրները լուծելու ուղղությամբ: Արցախում բնականոն կյանքը վերականգնելը հռչակելով որպես նպատակ՝ փորձում են շեղել հանրության ուշադրությունը իշխանությունների հրաժարականը պահանջող օրակարգից՝ արդյունքում ստեղծելով նոր խնդիրներ ու նոր մարտահրավերներ:
Որքանո՞վ էր հաշվարկված, որքանո՞վ էր կազմակերպված ու բոլոր ռիսկերը գնահատված արցախցիների վերադարձի կազմակերպման գործընթացը: Սա կարևորագույն հարց է, որի պատասխանն արդեն տեսանելի է՝ գերեվարված բազմաթիվ արցախցիներ, ադրբեջանցիների հրճվանքի ներքո իրենց տները լքողներ, առանց էլեկտրականության ու գազի Ստեփանակերտում ապրողներ: Փաշինյանը, փորձելով շեղել մարդկանց ուշադրությունն իր կողմից կնքված խայտառակ փաստաթղթից ու իր հրաժարականը պահանջողների պայքարից, աշխատելու իմիտացիա է անում՝ կրկին հարվածի տակ դնելով Արցախն ու արցախցուն:
Արցախահայության վերադարձը իրենց տներ պիտի լավագույնս կազմակերպված լիներ՝ առանցքում ունենալով առաջին հերթին այս մարդկանց ֆիզիկական անվտանգության գործուն երաշխիքներ: Բնականաբար, սրա համար իշխանություններից որոշակի ժամանակ ու ջանքեր էին պահանջվում, ինչը, սակայն, իշխանության մնալու համար պայքարող Փաշինյանն ու Հարությունյանն այսօր պարզապես չէին կարող իրենց թույլ տալ:
Հրադադարի խայտառակ փաստաթուղթը, ինչպես տեսնում ենք, Փաշինյանի վերջին սխալը չէր: Սխալներն ու բացթողումները շարունակվում են ժամ առ ժամ՝ հայկական տարածքները գյուղ-գյուղ հանձնելուց մինչև խաղաղ հայ ազգաբնակչության ֆիզիկական գոյության ու անվտանգության խնդիրներ: