Թուրքիայում ոմն Սեբահաթթին Գյոք փորձել է կեղծ փաստաթղթերի միջոցով արտասահմանցիներին վաճառել Ստամբուլի ամենահայտնի և ամենամեծ կաթոլիկ եկեղեցին՝ Սենտ Անտուանը։
Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է թուրքական «Սաբահը»։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ստամբուլի Բեյօղլու շրջանում գտնվող Սենտ Անտուանը վաճառել փորձած Սեբահաթթին Գյոքի անունը հիշատակվում է 34 տարբեր հետաքննությունների շրջանակներում։ Հրապարակման մեջ նշվում է, թե Գյոքն այցելել է ԱՄՆ, Ֆրանսիա, Իտալիա և այլ երկրներ, գտել սույն եկեղեցու գույքի սեփականատերերի ժառանգորդներին և փորձել նրանց վաճառել եկեղեցին։
Սեբահաթթին Գյոքի հետ ձերբակալվել են նաև նրա խմբին պատկանող այլ հանցակիցներ։ Հետաքննության ժամանակ բացահայտվել է, որ Գյոքը կարողացել է Թուրքիայի 6 տարբեր գավառներում խլել 17 քաղաքացու պատկանող անշարժ գույքը և դրանք վաճառել երրորդ անձանց։
Նշենք, որ Սենտ Անտուանը կամ Անտոնիոս Պադուացու եկեղեցին հիմնվել է 18-րդ դարի սկզբներին, Կ․Պոլսի իտալական համայնքի կողմից։ Սակայն եկեղեցին կանգուն է մնացել միայն 180 տարի։ Այն քանդվել է 1904 թ․, քանի որ խանգարում էր տրամվայի ռեսլերի անցկացմանը։ Քիչ անց Օսմանյան կառավարությունը մոտակայքում մեկ այլ հողատարածք է տրամադրել, որտեղ և 1906 թ․ կառուցվել է ներկայիս Սենտ Անուանը։